«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Մոռացումից փրկված մասունքներ

Մոռացումից փրկված մասունքներ
13.01.2009 | 00:00

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Բանահավաք, բանագետ, ժողովրդագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆԸ 1955 թվականից գրի է առել և կորստից փրկել Արևմտահայաստանից, Կիլիկիայից և Անատոլիայից աշխարհի տարբեր երկրներ տարագրված, ապա Հայաստան ներգաղթած հայրենադարձների՝ զանազան բարբառներով հաղորդած բանահյուսական նշխարները, ինչպես նաև հայոց ցեղասպանությունից մազապուրծ ականատես-վկաների հուշերն ու պատմական բնույթի երգերը:
Հեղինակ է 500-ից ավելի գիտական և հրապարակախոսական հրատարակությունների, 23 գրքերի, որոնք լույս են տեսել Հայաստանում և արտերկրում:
Վերժինե Սվազլյանը ավելի քան 50 տարիների ընթացքում բառ առ բառ, պատառիկ առ պատառիկ գրառել, ձայնագրել, տեսագրել, ուսումնասիրել և հրատարակել է մեր զավթված երկրի` պատմական Հայաստանի, Կիլիկիայի և Անատոլիայի ավելի քան 100 տեղավայրերից բռնի տարագրված, Հայաստանում և սփյուռքում բնակություն հաստատած, հայոց ցեղասպանության ականատես վերապրողների հաղորդած ժողովրդական բանավոր ավանդության տարաբնույթ նշխարները, փաստավավերական վկայություններն ու պատմական բնույթի երգերը` կորստից փրկելով և տարբեր լեզուներով աշխարհին ներկայացնելով հայ ժողովրդի պատմական հավաքական հիշողությունը:
«Համաշխարհային ֆոլկլորի և ժողովրդական կենցաղի» քառահատոր հանրագիտարանը /The Greenwood Encyclopedia of World Folklore and Folklife/ լույս է ընծայվել 2006 թ. ԱՄՆ-ում` «Գրինվուդ» հրատարակչության կողմից: Երկրորդ հատորի «Մերձավոր ու Միջին Արևելք» բաժինը բացվում է Վ. Սվազլյանի «Հայաստան» հոդվածով: Այստեղ նշվում է, որ Հայաստանը, լինելով շումերաբաբելոնական, եգիպտական աշխարհների ժամանակակիցը, համարվում է քաղաքակրթության բնօրրաններից մեկը: Թեպետ յուրաքանչյուր երկրի համար հանրագիտարանում նախատեսված էր հատկացնել 9 էջ, սակայն Հայաստանին՝ որպես հնագույն և հարուստ մշակույթ ունեցող երկրի, հատկացվել է 15 էջ:
Հատկանշական է, որ հրապարակված երկասիրության մեջ ոչ միայն ներկայացված է հարուստ բանահյուսական և մշակութաբանական նյութ, այլև անդրադարձ է կատարված մեր ազգի պատմական ճակատագրին:
Հանրագիտարանը հրատարակողներին հետաքրքրում էր նաև, թե ինչպես են Հայաստանում գլոբալիզացիայի համահարթեցումից զերծ պահվում ազգային մշակույթն ու սովորույթները: Թեև Վ. Սվազլյանն իր հոդվածում վկայել է, որ մեզ մոտ գլոբալիզացիան մեծ ավերածություններ չի գործել, բայց զրույցի ընթացքում նկատեց, որ օր օրի պատկերը, ցավոք, փոխվում է։ Հիմա անգամ գյուղերում բանահյուսական նյութ չի մնացել, ժողովուրդը հեռացել է իր հարազատ բառուբանից: «Կարծես թե ամլացել է հայ ժողովրդի ուղեղը,- մտահոգվում է բանագետը,- և սա միայն իմ կարծիքը չէ: Մեր թշնամիները կարողացան հասնել դրան: Նրանք մտան մեր տունն ու տակից քանդում են խլուրդների պես»:
Տքնաջան աշխատանքի, դրա հետ կապված այլևայլ դիպվածների մասին հետաքրքիր հիշողությունները, թերևս, կարող են առանձին գրքի նյութ դառնալ:
«Մենք ոչ միայն վերապրողների պատմածները, այլև նրանց իմացած երգերը պետք է օգտագործենք որպես իրավաբանական արժեք ներկայացնող նյութ»,- ասում է Վ. Սվազլյանը:
Մեր ազգային մասունքները մոռացումից փրկելու երախտաշատ գործն սկսել է Գարեգին Սրվանձտյանցը, շարունակել են Սարգիս Հայկունին, Կոմիտասը: «Թուրքիայում նոր սահմանադրության հռչակման ժամանակներից՝ 1908 թվականից սկսած, հայ ժողովրդի արձագանքն իր հետ կատարված դժբախտությունների մասին չկար, չէր արձանագրվել որևէ կերպ,- ասում է գիտնականը:- Ամայացել էր մեր պատմական հայրենիքը, հայաթափվել, և ես հենց այդ շրջանի հիշողությունները ցանկացա փրկել: Տակավին ուսանող էի, երբ սկսեցի այդ գործը: 53 տարի առաջ ականատեսներն այսօրվա նման պատրաստակամ չէին իրենց հիշողությունները պատմելու հարցում: Ստալինյան ժամանակաշրջանն էր, մարդիկ վախենում էին, որ իրենց կմեղադրեն նացիոնալիզմի մեջ: Մեծ դժվարությամբ եմ կարողացել խոսեցնել այդ մարդկանց: Սկզբում գրառում էի նրանց հիշողությունները, տեխնիկա չկար, միջոցներ չկային: Հետագայում ավելի հեշտացավ գործս, երբ հնարավորություն ունեցա ձայնագրելու, նկարահանելու»:
Այդ ամբողջ նյութն այսօր պահպանվում է Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում: Դեր Զորի սպանդից մազապուրծ, դեմքներին կապույտ դաջվածք ունեցող կանանց բանահավաքը փնտրել է ամենուր՝ հայկական գյուղերում, Երևանի Մալաթիա թաղամասի շուկայում, Պոլսի Սուրբ Փրկիչ հիվանդանոցին կից ծերանոցում, Լուվրի ցուցասրահներում:
1955 թվականին լույս է տեսել Վ. Սվազլյանի «Մեծ եղեռն. արևմտահայոց բանավոր վկայություններ» աշխատությունը, որում ամփոփված են նրա գրառած պատմափաստագրական մասունքները:
Գիտնականի հավաքած նյութերի մեջ առանձնանում են դերզորյան թուրքալեզու երգերը, որոնք բացառիկ են ոչ միայն նրանով, որ կենդանի հիշողություններ են ցեղասպանության մասին, այլև նրանով, որ, հիրավի, եզակի են և անգամ թուրքերի մոտ չեն պահպանվել: Վ. Սվազլյանն այդ երգերն առանձին գրքով հրատարակել է 1997-ին՝ «Մեծ եղեռնը արևմտահայոց հուշապատումներում և թուրքալեզու երգերում» վերնագրով: Գիրքը թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, զետեղվել համացանցում՝ հարուցելով ցեղասպանությունն առայսօր ուրացող թուրքերի զայրույթը:
Մեր ազգային ողբերգությամբ հետաքրքրվել են BBC-ի աշխատակիցները և նկարահանել «Դավաճանված Հայաստան» փաստագրական ֆիլմը, որում, զարմանալիորեն, տեղ չեն գտել Վերժինե Սվազլյանի փրկած ու տեսագրած նյութերը: Իսկ թե ինչու, պետք է հարցնել Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրենին:
«Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գիրքը, որ լույս է տեսել 2000 թվականին, շուտով կհրատարակվի նաև անգլերեն և թուրքերեն:
Ցեղասպանության 90-ամյակի նախօրյակին Վ. Սվազլյանը, վաճառելով իր թանկարժեք իրերը, տպագրեց «Հայոց ցեղասպանությունը և ժողովրդի պատմական հիշողությունը» գիրքը: Այն թարգմանվել և հրատարակվել է նաև ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն։ Ի դեպ, թուրքերենը լույս է տեսել Ստամբուլում:
Ամեն անգամ հերթական գիրքը տպագրելուց հետո Վերժինե Սվազլյանին բաժին են ընկնում ծանր փորձություններ՝ հիվանդություն, վիրահատություն: «Այս գրքերը շատ դժվար են ստեղծվում, կարծես երկունքի նման ծանր բան լինի դրանց ծնունդը»,- խոստովանում է գիտնականը:
Իր երկարամյա գիտական վաստակի, հայ ժողովրդի ճակատագրի մասին վկայող մասունքները փրկելու բացառիկ առաքելության համար Վ. Սվազլյանն արժանացել է բազմաթիվ պարգևների ու բարձր գնահատականների: Հիշատակենք վերջինները. հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար 2006 թվականին նրան շնորհվել է «ՀՀ նախագահի մրցանակ» և ոսկե հուշամեդալ, իսկ 2008-ին ամերիկյան կենսագրական ինստիտուտը գիտնականին արժանացրել է «21-րդ դարի մեծագույն միտք» տիտղոսին և ոսկե մեդալի՝ հայ մշակույթն աշխարհին ներկայացնող աշխատությունների համար:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5695

Մեկնաբանություններ